ԼՂՀ-ն բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային հարց է, բայց ոչ նախապայման
Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր 15-03-2019, 15:08
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Մենք չենք անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի է տանելու. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ:

«Մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը, որը շատ էական հարց է, և շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու հարցը, ըստ ԱԳ նախարարի, շատ գործնական հարց է՝ ընդունելու, որ ԼՂՀ-ն ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն, և որպեսզի արդյունավետ աշխատեն բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, պետք է պրակտիկ առումով ընդունել այդ որոշիչ ձայնի ներգրավվածության արտահայտումը:

Ըստ նրա՝ ՀՀ-ն այսօր բանակցում է և ԼՂՀ-ի հետ և ապա Մինսկի խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի հետ: «Այդ առումով շատ ավելի գործնական և արդյունավետ կլինի, երբ որ մենք կկարողանանք համալրել բանակցային գործընթացն այնպես, որպեսզի արդյունավետության առումով կարողանանք ապահովել այդ համապարփակությունը բանակցային գործընթացում»,- ասաց նա:

Նախարարը հավելեց, որ ԼՂՀ-ն բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային և կարևոր հարց է, բայց ոչ նախապայման: «Սա նախապայման չէ, մենք ցանկանում ենք շարունակել և լուծում գտնել այս խնդրին»,- ասաց նա:

Ըստ Մնացականյանի՝ ի վերջո, խնդիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, որը ձևավորված քաղաքական միավոր է, ունի ինստիտուցիոնալ համակարգ արտահայտելու իր ժողովրդի կամքը և մոտեցումները, ունի ընտրված իշխանություն, և այդ համակարգը ճանաչված է միջազգային հանրության կողմից տարբեր փաստաթղթերում:
Դիտումներ: 105 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН