Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպանին
Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր 12-07-2018, 17:59

[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Lragir.am: Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինին:

Շնորհավորելով պրն. Կոպիռկինին նշանակման առիթով` Նորին Սրբությունը մաղթեց նրան արդյունավոր գործունեություն: Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ նշեց, որ Մայր Աթոռի և ՌԴ դեսպանատան միջև մշտապես առկա են եղել ջերմ հարաբերություններ` հիմնված հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև երկու պետությունների միջև առկա սերտ ու դաշնակցական հարաբերություններին, որոնց ամրապնդմանն ու զարգացմանն են ուղղված նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջանքերը:

Իր հերթին դեսպան Սերգեյ Կոպիռկինը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին հանդիպման կապակցությամբ, նշեց, որ հոգևոր արժեքները և մշակութային կապերը հնարավորություն են ստեղծում երկու ժողովուրդների հարաբերությունների առավել զորացման համար: Դեսպան Կոպիռկինը նաև ընդգծեց, որ Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիներն այդ ջերմ հարաբերությունների երաշխավորն են:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ փոխանցեց անակախության տարիներին Հայ Եկեղեցու վերազարթոնքի ու արձանագրած ձեռքբերումների, ինչպես նաև առկա մարտահրավերների մասին: Մասնավոր անդրադարձ կատարվեց քրիստոնեական դաստիարակությանը և երիտասարդության հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին:

Դիտումներ: 368 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН