Աշոցքի Սոցծառայության երկու տեսուչ նպաստ տրամադրելու դիմաց քաղաքացիներից պահանջել և ստացել են գումարներ. հարուցվել է քրգործ
Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր 12-07-2018, 13:48
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Aysor.am-ին հայտնի է դարձել, որ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից գյուղացիներին ընտանեկան նպաստ տրամադրելու համար ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքի առթիվ:

Մասնավորապես ՀՀ ոստիկանության Աշոցքի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ Աշոցքի «Սոցիալական ծառայության» երկու տեսուչներ 2016-2017 թվականների ընթացքում նպաստ տրամադրելու դիմաց քաղաքացիներից պահանջել և ստացել են գումարներ։

Մեկնաբանելով ստացված տեղեկությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնեցին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում» ընդգրկելու և ընտանեկան նպաստ տրամադրելու համար Աշոցք գյուղի մի բնակչից պահանջել է ապօրինի վարձատրություն` երեք ամսվա համար նախատեսված նպաստի գումարը, և 2017թ. մայիս, հունիս, հուլիս ամիսների դիմաց ստացել ընդհանուրը՝ 141 000 դրամ՝ իր լիազորությունների շրջանակում աջակցելով վերջինին:

Նույն եղանակով նշված համակարգում ընդգրկվելու և ընտանեկան նպաստ ստանալու նպատակով նույն տեսուչը և գործակալության առաջատար մասնագետն իրենց լիազորությունների շրջանակում աջակցել են Աշոցք գյուղի թվով 9 բնակիչների՝ նրանցից պահանջելով և ստանալով տարբեր չափերի ապօրինի վարձատրություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը՝ վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կամ անգործություն կատարելու համար) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Դիտումներ: 3027 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН