Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակից
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 29-06-2020, 21:19
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումներ իարդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ն. Պ.-ն, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Շիրակի բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով իրականացնել հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողություն, հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, 2019-2020 թվականների ընթացքում հայտնաբերել է Շիրակի մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց, սակայն չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերված խախտումները վերացնելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ, փոխարենը՝ ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ վերոհիշյալ փաստերը չարձանագրելու, այնուհետև չտուգանելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար վերոհիշյալ քաղաքացիներից, յուրաքանչյուր ամիս պահանջել է 20,000-100,000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։



«Վերոգրյալից բացի, Ն.Պ.-ն, իր սպասարկած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող մի շարք ընկերությունների խախտումները չարձանագրելու,օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, տնտեսվարողների գործունեությանը չխոչընդոտելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողներին նախապես տեղյակ պահելու և նրանց կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար պահանջել և մինչև 2020 թվականի հունիսի 26-ը մի շարք տնտեսվարողներից յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100,000-ական ՀՀ դրամ գումարներ:

2020 թվականի հունիսի 26-ին, հերթական անգամ, պահանջած կաշառքի գումարը՝ 100,000 ՀՀ դրամը ստանալու պահին, Ն.Պ.-ն հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որի ընթացքում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի (6 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի (5 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Պ.-ն ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում ենթադրաբար կաշառք տված, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած անձանց բնակարաններում կատարվել են 12 խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը հաստատող սարքավորումներ, բժշկական նյութեր, այդ ծառայությունից օգտված հաճախորդների անհատական ցուցակներ: Պարզվել է նաև, որ Շիրակի մարզի վարչական տարածքում գործող մի շարք համայնքներում տարբեր անձինք, կոպիտ կերպով խախտելով սանիտարահիգիենիկ պայմանները, տարիներ շարունակ, առանց հարկային մարմնում գրանցվելու և հատուկ թույլտվության (լիցենզիայի), զբաղվել են լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և այդ փաստը թաքցնելու կամ հովանավորչության համար, յուրաքանչյուր ամիս տարբեր չափերի կաշառք են տվել պաշտոնատար անձանց:

2020թ.հունիսի 28-ին, պաշտոնատար անձին կաշառք տալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով 8 անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից 2-ը ձերբակալվել են, իսկ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, Ն.Պ.-ի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտումներ: 378 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН