Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասը փակվում է. աշխատողներն այդպես էլ աշխատավարձ չեն ստացել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-11-2019, 13:31

[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասը, որի աշխատակիցները մի քանի ամիս է՝ բողոքում են և պահանջում վճարել իրենց աշխատավարձերը, դադարեցնում է գործունեությունը։ Համենայնդեպս, արտադրամասից այդպես են փոխանցել աշխատակիցներին: Նրանց նախ ասել են՝ մինչև հունվար սպասեք, հետո էլ տեղեկացրել, որ գործարանը փակվում է։ «Մեր պայմանագրի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 23-ին։ Գնացինք արտադրամաս, Ներսեսը՝ խոսքը գործարանի ներկայացուցիչ Ներսես Թաշչյանի մասին է, հերթական անգամ բղավում էր, թե ձեր պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, ի՞նչ եք ուզում, ինչի՞ եք եկել: Մինչև հունվար աշխատանքի հույս չունենաք, հետո էլ կկանչեն նրանց, ովքեր պետք է աշխատեն, բողոքողները չեն աշխատելու»,-Factor.am -ի հետ զրույցում նշել է աշխատակցուհիներից մեկը՝ հավելելով, որ այս այցից հետո բոլոր աշխատակիցներին մի քանի օր անց կանչել են գործարան՝ ժողովի։ «Պարզվեց՝ ոչ մի ժողով էլ չկա, կտրուկ փոխվել էր արտադրամասի սեփականատեր Քրիստիանի մտահղացումը: Նա որոշել է, որ Գյումրու անունը չի ուզում լսել, դրա համար գործարանը չի աշխատացնելու։ Ասացին՝ կանչեք, ովքեր ուզում են գործից կրճատվեն, թող դիմում գրեն՝ հեռանան, իսկ ովքեր չեն կրճատվում, առանձին թղթի վրա իրենց անունները գրեն, գնան։ Մեծամասնությունը նույն թղթի տակ գրեցին անուն-ազգանունները, հեռախոսահամարները, ստորագրեցին, որ մենք չենք ուզում աշխատանքից ազատվել, իսկ մի քանիսն էլ կրճատման դիմում գրեցին: Կադրերի բաժնի աշխատողը մեկնաբանեց, որ եթե ձեր պայմանագրի ժամկետը լրացել է, արդեն ազատ եք։ Նույնիսկ գործարանից իրենց ապրանքը դուրս են բերում, դատարկում են գործարանը: Տեղեկություններ կան, որ արտադրամասն Արցախ են տեղափոխում»,- մեզ պատմեց աշխատակցուհիներից մեկը։ Կարի արտադրամասում այժմ դադարեցված են նաև նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները, ոչ ոք աշխատանքի չի գնում, նույնիսկ վարչական աշխատողները: Այժմ արտադրամասի աշխատողներն անորոշ վիճակում են, չգիտեն՝ ի վերջո ի՞նչ ճակատագիր է կունենա գործարանին, բացի այդ՝ իրենց աշխատավարձերը կվճարվե՞ն, թե՞ ոչ։ Ստեղծված իրավիճակի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ արտադրամասի սեփականատեր Քրիստիան Գելեջիից: Նա, սակայն, չցանկացավ խոսել՝ նշելով, որ Հայաստանում չէ: Հիշեցնենք, որ մայիսից «Սասստեքս»-ի աշխատակիցները բողոքում էին աշխատանքային վատ պայմաններից, պահանջում վճարել ապրիլ և մայիս ամիսների ամբողջական՝ 55.000 դրամ աշխատավարձը: Մայիսից մինչև հուլիսի վերջ աշխատողները հարկադիր պարապուրդում էին, գործարանի դռներն էլ փակ էին նրանց առջև։ Միայն հուլիսի 23-ին էր արտադրամասի սեփականատեր Քրիստիան Գելեջին ժողով հրավիրել՝ ասելով, որ հուլիսին վճարովի արձակուրդում են լինելու, օգոստոսին՝ իրենց հաշվին, իսկ սեպտեմբերից աշխատելու են։ Արդյունքում, սակայն, աշխատակիցների մի մասը հուլիսի վերջից մինչև օգոստոսի 31-ն աշխատել էր, որից հետո, անհասկանալի պատճառներով, նրանց տուն էին ուղարկել։ Տեղի պատկան մարմիններից ստեղծված իրավիճակում որևէ բան կախված չէ, ասում են՝ շատ բան անել հնարավոր չէ։ «Ես խոսել եմ այնտեղի ղեկավարի՝ Ներսես Թաշչյանի հետ, ինքն ասում է, որ հունվարի 1-ից պատվեր ունեն և աշխատելու են։ Իհարկե, չգիտեմ՝ ինչքանով է հիմնավորված, համենայնդեպս՝ իր խոսքերն են։ Խոսակցություններ կային, որ սարքավորումներ տեղափոխում են այլ վայր, դա էլ հերքել են»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը: Նա նշեց, որ արտադրամասի շենքի հետ կապված ևս խնդիր կա. «Այդ տարածքը նախատեսված չէ գործարանի համար։ Իրենք պետք է ցույց տան իրենց ներդրումը, որ, իբր, կատարել են տեքստիլի համար, որպեսզի հետո շենքը վերջնական ստանան։ Այսինքն՝ պետության նկատմամբ որևէ պարտավորություն չունենան։ Հիմա իրենք էլ այդ ուղղությամբ աշխատում են։ Հեղափոխությունից հետո իրենք խնդրի առջև կանգնեցին, նախկին իշխանությունը, կարծես, շենքը իրենց էր տվել ու ոչինչ չէր պահանջում։ Հիմա պահանջները մեծացել են, ասում են՝ կատարեք ձեր պարտավորությունները: Հիմա չգիտեմ՝ լուծումը ոնց է լինելու»: Աշխատավարձերի վճարմանը հասնելու լավագույն տարբերակը, ըստ Վարդան Գրիգորյանի, դատարան դիմելն է, սակայն աշխատակիցները հրաժարվել են։ «Երբ աշխատողների հետ քննարկում էինք, ես առաջարկում էի դիմել դատարան, իրենք հրաժարվեցին։ Իրենց նպատակն էր, որ որևէ պետական մարմին գնա և պարտադրի, որ իրենց պայմանագրային պարտավորությունները կատարեն։ Բայց այդպիսի մարմին չկա, պիտի դիմեին դատարան, սակայն հրաժարվեցին։ Հետո համաձայնեցին գնալ աշխատել՝ հետո աշխատավարձը ստանալու պայմանով ու, բնականաբար, նույն պատմությունը։ «Սասստեքսը» խոստանում է, ասում է՝ կանեմ, ու հերթական անգամ չի անում»,- ասաց Շիրակի փոխմարզպետը։ Հավելենք, որ «Սասստեքս» կարի արտադրամասը Գյումրիում բացվել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ներդրումներով։ Կառավարությունն ընկերությանը տրամադրել է Գյումրիի նախկին մարզային հիվանդանոցի շենքը, ներդրողներն էլ իրենց հերթին խոստացել են ստեղծել 300-500 նոր աշխատատեղ: Ի դեպ՝ կարի արտադրամասի նոր մասնաշենքի հիմնարկեքին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրի կատարած այցի ընթացքում:

Դիտումներ: 1337 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН