«WCIT 2019»-ի շրջանակներում տեղի ունեցած ասուլիսում առաջին անգամ հայտարարվել է «HighConnect» հարթակի մասին
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 9-10-2019, 10:22
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Նախարար Հակոբ Արշակյանը իր բացման խոսքում նշել է, որ «WCIT 2019»-ին մասնակցում են ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ․ 20 երկրների պաշտոնական պատվիրակություններ՝ նախարարների, փոխնախարարների, միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների գլխավորությամբ։

Նախարարի խոսքով՝ նրանք տպավորված են այն ամենով, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Այս ամենը հույս է ներշնչում, հավատ ու եռանդ տալիս, որպեսզի բազմապատիկ ուժեր ներդնելով՝ Հայաստանում իրագործվի տնտեսական հեղափոխություն՝ Հայաստանը դարձնելով տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է դարձնել տարածաշրջանային կենտրոն, որը հնարավորություն կտա նաև օտարազգի ձեռներեցներին, նորարարներին գալու Հայաստան, ունենալ արագ կտրուկ զարգացում։

Ասուլիսի ընթացքում բանախոսները հանդես են եկել հայտարարություններով՝ Հայաստանում Սփյուռքի ներուժի ներգրավվածության մասին:

Երվանդ Զորյանը և Սերժ Թանկյանը ներկայացրել են «HighConnect» հարթակը, որն առաջիկայում կներդրվի Հայաստանում։ Սերժ Թանկյանը նշել է, որ այն հայկական թվային պլատֆորմ է, որը թույլ կտա տարբեր հետաքրքրություն ունեցող մարդկանց առցանց կապ հաստատել միմյանց հետ։

Ալեքսիս Օհանյանը նշել է, որ կան ցանցեր, որտեղ հայերն, այսպես թե այնպես, կարող են կապվել միմյանց հետ, բայց իրենք ուզում են հատուկ տարածք ստեղծել, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են փնտրում, ինչ ասելիք ունեն: Օհանյանը շեշտել է՝ այս նախաձեռնությունը բոլորի համար է, սրանով ուզում են հեշտացնել հաղորդակցությունը, այն շահույթ չի հետապնդում:

Էրիկ Իսրայելյանը հավելել է, որ գաղափարը քննարկել են գրեթե 1 տարի:

«Իրոք, հիանալի կլինի նման կապի պլատֆորմ ունենալ, Հայաստանում ոչ միայն տեխնոլոգիան կզարգանա, այլ նաև կապահովվի կապը Հայաստանի և աշխարհասփյութ հայության միջև»,-ասել է Իսրայելյանը:

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի մասին, որի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցի ընթացքում արդեն ստորագրվել է հուշագիր։ Սա թույլ կտա թե՛ հայ, թե՛ օտարերկրյա ձեռնարկություններին, ձեռներեցներին, որոնք կազմակերպություն են հիմնում մեր երկրում, «HighConnect» ցանցի միջոցով ուղիղ կապի մեջ լինել Սիլիկոնային հովտի և աշխարհի հետ:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ սա հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն։

Մանրամասները՝ տեսանյութում




Դիտումներ: 107 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН