Դաժան դեպք Գյումրիում. շանը ավտոմեքենայից կապած քարշ են տվել
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։

Քրեական օրենսգրքում առաջարկվող համապատասխան հոդվածներով` օրինագծի հեղինակներն առաջարկում են սահմանել մինչև 1 տարվա ազատազրկում։

«Երեկ չէ առաջին օրը Գյումրիում իր դաժանությամբ հերթական աննախադեպ դեպքն է տեղի ունեցել։ Մի անասուն (որովհետև ես չեմ կարող նրան մարդ համարել) շանը կապել է իր մեքենայից և ամբողջ քաղաքով պտտեցրել է։ Եվ արել է ընդամենը հավեսի համար»,– այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով նախագիծը, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև նշեց, որ հաղորդում է տվել հանցագործության մասին, նույնն արել են նաև կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ–ները։

Համացանցում մեծ տարածում են գտել պատգամավորի հիշատակած դեպքի տեսանյութը։

Տեսանյութը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ՀԿ-ն։

Կազմակերպությունը վկայակոչում է ականատեսի խոսքերը, ըստ որի` Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում ինքը տեսել է, թե ինչպես են շանը կապած քարշ տալիս մեքենայի հետևից: Շունը սկզբից վազել է, հետո՝ ուժասպառ ընկել, որից հետո կենդանուն բավականին երկար այդպես քարշ են տվել, հետո պարանը մեքենայի միջից բաց թողել ու գնացել: Պարանը շան վզին այնքան ձիգ է կապած եղել, որ ամբողջությամբ մտած է եղել մսի մեջ:

Քաղաքացին ահազանգել է 911։ Փրկարարները շանը քնեցրել են, որպեսզի կարողանան հանել պարանը, ինչից հետո բաց են թողել կենդանուն։



Դիտումներ: 4492 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН