Սահմանապահ զորքերի զինծառայողը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար է հափշտակել․ ԱԱԾ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 13-08-2019, 12:05
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:

Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է օժանդակել նրանց կաշառքի դիմաց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի ընդունվելու հարցում։

Գործելով միասնական դիտավորությամբ՝ 2018 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում վերոնշյալ և այլ պատրվակներով նրանցից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.104.632 ՀՀ դրամ գումար։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1 անձի առաջադրվել է մեղադրանք: ՍԶ ծառայողը կալանավորվել է։

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զարտուղի ճանապարհներով ԱԱԾ համակարգ ընդունվելու փորձերից: Նմանատիպ դեպքերից տուժած քաղաքացիները կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 563515։

Կատարվում է նախաքննություն:
Դիտումներ: 255 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН