Գարո Փայլանը ցուցմունք է տվել դատախազությունում
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 12-01-2018, 16:30
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ermenihaber.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը կանչվել է Անկարայի դատախազություն՝ ցուցմունք տալու:

Ըստ թուրքական «demokrathaber.org» լրատվական կայքի՝ հայ պատգամավորը ցուցմունք է տվել Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մտավորականների ու հասարակական գործիչների դեմ նախապատրաստվող մահափորձերի մասին իր արած հայտարարության առիթով սկսված հետաքննության շրջանակներում :

Փայլանը, ավելի ուշ խոսելով դատախազությունում տված ցուցմունքների մասին, ասել է. «Թուրքիայում կա Հրանտ Դինքի իրողությունը: Նա ընկերս էր: Այն ժամանակ մշտապես թիրախավորվում էր: Խորհուրդ տվեցի դուրս գալ երկրից, սակայն չգնաց ու սպանվեց: Այժմ էլ որոշ մարդիկ, այդ թվում՝ Ջան Դյունդարը (Cumhuriyet ընդդիմադիր թերթի նախկին խմբագիր-EH), ինչպես նաև ԺԴԿ-ական մի շարք գործիչներ մամուլի կողմից թիրախավորվում են: Գերմանիայից տեղեկություններ ենք ստացել, որ այդ մարդկանց դեմ մահափորձ է իրականացվելու: Տեղեկությունները ստանալուց հետո հայտարարություն եմ արել»:

Հիշեցնենք, որ պոլսահայ պատգամավորը Թուրքիայի մեջլիսում հայտնել էր, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների վրա մահափորձ է նախապատրաստվում: Փայլանը նշել էր, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից:
Դիտումներ: 434 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН